Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Հունվար-դեկտեմբեր ամիսներին նրանք ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամի հարկեր, մոտ 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ՝ հարկային մարմիններին և շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ՝ մաքսայինին։
Այս պատկերը համեմատելով 2022 թվականի ցանկի հետ, տեսնում ենք ավելացում 300 միլիարդ դրամով, այսինքն՝ 15 տոկոսով։ Սա աճ է, սակայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճն ավելի մեծ էր՝ 32 տոկոսով։
«Տարեկան 2% գնաճի, և նախորդ տարվա համեմատ ավելի ցածր տնտեսական աճի պարագայում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են 15%-ով ավելի հարկ։ Ցանկում հայտնվել է 237 նոր խաղացող ինչը որոշակիորեն խոսում է գործարար միջավայրի բարելավման մասին, քանի որ չի նկատվում «լճացում»»,- իր ՖԲ էջում գնահատական է տվել ՔՊ-ական պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։
Եթե համեմատենք 2022 թվականի հունվար-դեկտեմբերին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է մոտ 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ:
Անցյալ տարի առաջին 10 խոշոր հարկ վճարողներն էին «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը» (143.9 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիան» (52.3 մլրդ դրամ), ըստ հաջորդականության ցանկը շարունակում են «Գրանդ Տոբակոն»(45 մլրդ դրամ), «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը» (24.4 մլրդ դրամ), «Ագարակի Պղնձա-մոլիբդենային կոմբինատը» (19.5 մլրդ դրամ), «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» (18.1 մլրդ դրամ), «Մոբայլ սենթր արթը» (17.5 մլրդ դրամ), «Ջի Թի Այ Արմենիան» (16.9 մլրդ դրամ), «Սի Փի Էս Էներջի Գրուպը» (16.9 մլրդ դրամ), «ՄՏՍ Հայաստանը» (15.9 մլրդ դրամ)։
Այս տարի առաջին 10 հարկատուների ցանկը էապես փոխվել է։ Անփոփոխ են միայն առաջին երեք տեղերը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ տոբակո», սակայն երկու ռուսական ընկերությունների մուտքերը կրճատվել են, ընդ որում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը» նույնիսկ կրկնակի։ Իսկ «Գրանդ տոբակոյի» հարկային մուտքերը 10 մլրդ- ով ավելացել են /մոտ 45 մլրդը դարձել է մոտ 55/։
4 և 5 տեղերում են հայտնվել «Մոբայլ սենթր արթ» և «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը ներկայացնում է «Վեստա» կենցաղային տեխնիկայի և կահույքի խանութների ցանցը։ «Փրիթի Ուեյ» ընկերության սեփականատերը գործարար Արմեն Ճուտիկյանն է։
Դեռ նախորդ տարի 2001 թվականին գրանցված այս ընկերությունը կտրուկ աճ էր գրանցել, որին հասել է տեխնիկայի դեպի ՌԴ արտահանումների շնորհիվ։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմաններում տեխնիկա արտահանող շատ ընկերությունները ավելացրեցին ծավալները և գերշահոյթներ ստացան։
Նույնը «Մոբայլ Սենթր Արթ»-ը, որն անցյալ տարի 7-րդն էր տասնյակում էր, իսկ այժմ բարելավել է դիրքը, հավանաբար, Հայաստանից Ռուսաստան բջջայինների կրկնակի արտահանման շնորհիվ։ Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ «Մոբայլ Սենթր»-ը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում: Դրա անունը կապվում է Ալեքսանյանների ընտանիքի հետ։ Այն 2011 թվականին հիմնադրել է Սիսակ Մարկոսյանը, որն այժմ ընկերության տնօրենն է։ 2017 թվականին գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Արթուր Պետրոսյանը, գնել էր ընկերությունը, 21 թվականին բաժնետոմսերի մեծ մասը վաճառել էր Ալեքսանյանի որդուն՝ Գագիկ Ալեքսանյանին, իսկ մեկ տարի հետո կրկին դարձել է միակ սեփականատերը։
Վեցերրորդ տեղում «Վայլդբերրիս» ընկերությունն է, որը 2023-ին ամենապոպուլյար օնլայն առևտրի ցանցն էր Հայաստանում։ Սա առաջին տասնյակում նոր անուն է։ 22 թվականին այս ընկերությունը 300-րդ տեղից էլ ցածր տող էր զբաղեցնում։ 2023-ին խոշորների տասնակում հայտնվել են երկու բանկեր՝ «Ամերիաբանկը» և «Արդշինբանկը»։
Վառելիք ներկրող «Սի Փի ԷՍ էներջի գրուպ» -ը 9-րդ տեղում է։ Դեկտեմբերին մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ հարուցեց այս և վառելիք վաճառող մի շարք այլ ընկերությունների դեմ։
2023 թվականի Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է սիգարետ ներմուծող «Ջի Թի Այ Արմենիան»։ «Ֆիլիպ Մորիսը», «Մասիս տաբակը» և «ՄՏՍ Հայաստանը» այլևս տասնյակում չեն, այլ զբաղեցնում են 11, 12, 13-րդ տեղերը։ Առաջին տասնյակից դուրս է նաև «Ագարակի Պղնձա-մոլիբդենային կոմբինատը»։