Քաղաքականություն

Ինչպե՞ս վերցնել իշխանությունը՝ գրոհո՞վ, թե՞ համոզելով

Ինչպե՞ս վերցնել իշխանությունը՝ գրոհո՞վ, թե՞ համոզելով

Հայաստանում ընդդիմադիր կուսակցությունների եւ ուժերի պակաս չկա, դրանք՝ բոլորն էլ ձգտում են իշխանության, նրանց նպատակն է՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա գործակիցներին եւ նրանց փոխարեն իշխանության լծակները վերցնել իրենց ձեռքը: Հարցն այն է, թե ինչպես անել դա: Իշխանափոխության իրականացման դասական մեխանիզմը հետեւյալն է. ցույց տալ հասարակությանը, որ իշխանությունն անկարող է լուծել երկրի առջեւ կանգնած խնդիրները, բոլոր հարցերում ձախողվել է, անկեղծ ասած՝ հասարակությունն այդ ամենը շատ լավ տեսնում է, բացատրելու կամ ցույց տալու առանձնապես մեծ բան չկա էլ, նույն հասարակությանը համոզել, որ հենց դու կարող ես արդյունավետորեն լուծել այդ խնդիրները`փոխարինել տապալված իշխանությանը եւ հանրային աջակցության շնորհիվ հեռացնել իշխանությունից: Տեսության մեջ ամեն ինչ շատ հեշտ է, այց երբ հարցը գալիս հասնում է տեսությունը կյանքի կոչելուն, առաջանում են խնդիրներ, տեսությունն իրականություն չի դառնում:

2020 թվականի 44-օրյա պատերազմից, պարտությունից եւ թշնամու պայմանները հնազանդորեն կատարելուց հետո իշխանության հանրային աջակցությունն էականորեն սկսեց ընկնել, ընդդիմությունը որոշեց, որ դա հնարավորություն է իշխանափոխության համար, եւ երկիրը տապալված իշխանությունից ազատելու մի քանի փորձ արեց՝ փողոցային պայքարով․ Հայրենիքի փրկության, Դիմադրության, Սրբազան պայքարի շարժումները։ 2021 թվականին նույնը փորձեցին անել խորհրդարանական ընտրությունների միջոցով, սակայն բոլոր փորձերն անհաջողության մատնվեցին, իշխանությունը հաղթեց: Թվում է՝ ամեն ինչ շատ պարզ է. իշխանությունը չունի հանրային աջակցություն, մարդիկ իրենց բնակարաններում, միջանձնային զրույցներում, փողոցում, հրապարակներում քննադատում, հայհոյում, անիծում են իշխանություններին, բայց երբ գալիս է իշխանությանը հեռացնելու վճռական պահը, ինչ-որ բան ընթանում է ոչ ըստ ծրագրվածի, թվացյալ երաշխավորված հաջողությունը վերածվում է հերթական տապալման: Լավ, ի՞նչ անել, որտե՞ղ գտնել անհաջողության բացատրությունը:

Քանի որ հերթական խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել` ընդամենը վեց ամիս, ընդդիմադիր տարբեր կուսակցություններ մտածում են նույն խնդրի շուրջ` ինչպես անել, որ այս անգամ էլ անհաջողության չմատնվեն, ինչպես հերթական անգամ՝ չկանգնել նույն փոցխի վրա, որ փոցխի պոչը նորից չհարվածի իրենց իսկ գլխին: Թվում է, թե ինչ-որ ուժեր գտել են անհաջողության բանաձեւը եւ, ըստ այդմ, խնդրի լուծման իրենց տարբերակը` իշխանությունը վերցնել ոչ թե հրապարակային պայքարի, կոշտ դիմակայության, այլ համոզելու միջոցով: Ըստ նրանց, իշխանությանն ամեն անգամ հաջողվում է հաղթել հասարակությանը եւ ընդդիմությանը, որովհետեւ նա ունի, այսպես կոչված, միջազգային հանրության աջակցությունը, տարբեր արեւմտյան պետություններ եւ դրանց ղեկավարներ, միջազգային կառույցներ անթաքույց աջակցում են իշխանություններին՝ անկախ նրանից, թե ինչ վարքագիծ են նրանք դրսեւորում`դաժանորեն ճնշում են հանրային բողոքի ակցիաները, թե մարդկանց խոսելու եւ իրենց կարծիքն արտահայտելու համար բանտերն են գցում: Երկրում անօրինականության, վախի եւ բռնության մթնոլորտ հաստատելու իշխանության բոլոր քայլերը, միանշանակ, աջակցություն են ստանում արեւմտյան երկրների կողմից, եւ այդ աջակցությունը միայն խոսքի միջոցով չէ, այլեւ՝ ֆինանսական եւ տեխնիկական: Արեւմտյան երկրները եւ կառույցները առատաձեռնորեն ֆինանսներ եւ տեխնիկական աջակցություն են տրամադրում այդ բռնությունն իրականացնող կառույցներին` պարեկային ոստիկանություն, քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներ եւ մարմիններ, տասնյակ միլիոնավոր դոլարներ, ժամանակակից մեքենաներ, զենք եւ զինամթերք: Սրանով նրանք բացահայտ ցույց են տալիս, որ սատարում են գործող վարչախմբին: Եթե այդ աջակցությունը չլինի, իշխանությունը զրկված կլինի հասարակությանը, հանրային դժգոհությունն ուժով եւ բռնությամբ լռեցնելու հնարավորությունից, մտածում են նոր իր հայտ եկած ընդդիմադիրները:

Իսկ ինչ անել նման պարագայում, երբ ուժերի հարաբերակցությունն իսկապես անհավասար է. մի կողմում հայ հասարակությունն է, անզեն ու անպաշտպան, մյուս կողմում՝ իշխանությունը՝ իր բռնության հսկայական մեքենայով, արեւմտյան իր աջակիցների ֆինանսական, տեխնիկական եւ քարոզչական աջակցությամբ: Թվում է՝ ելքը մեկն է. համոզել այդ նույն արեւմտյան աջակիցներին, որ նրանք սխալ են կողմնորոշվել, սխալ ընտրություն են կատարել՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին, որ աջակցելով Հայաստանի հասարակության աջակցությունը կորցրած Նիկոլ Փաշինյանին, դրանով կորցնում են հայ հասարակության աջակցությունը,  կորցնում են իրենց հեղինակությունը հայ հասարակության աչքում, այսպես կոչված, արեւմտյան արժեքները` մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, ժողովրդավարություն, միանգամից արժեզրկվում են, մարդիկ հասկանում են, որ այդ արժեքները ոչ մի կերպ համատեղելի չեն արեւմտյան երկրների հետ: Դրա համար ինչ պետք է անել` Հայաստանում աջակցել նոր ուժերի, նոր գործընկերներ գտնել, ովքեր նույնպես պատրաստ են ծառայել արեւմտյան երկրներին, բայց ունեն հանրային աջակցություն, հեղինակազրկված չեն եւ, հետեւաբար, չեն հեղինակազրկի այդ երկրներին եւ կառույցները:

Տեսության մեջ դարձյալ ամեն ինչ շատ տրամաբանական է հնչում. իսկապես արեւմտյան երկրները եւ կառույցները պետք է շահագրգռված լինեն այստեղ իրենց գործընկեր քաղաքական ուժին փոխելու հարցում, քանի որ Փաշինյանի իշխանությունը վարկաբեկում է իրենց, իրենց կողմից իբրեւ թե դավանվող եւ քարոզվող արժեքները: Բայց իրականությունն այն է, որ արեւմտյան երկրների եւ կառույցների համար մարդու իրավունքները, ժողովրդավարությունը կամ խոսքի ազատությունն իրականում ոչ մի արժեք էլ չեն, դրանք նրանց համար գործիք են՝ ոչ ընդունելի իշխանություններին ճնշելու եւ հեռացնելու համար․ երբ որեւէ երկրում հաստատում են իրենց իշխանությունը, իշխանության են բերում իրենց դրածոներին, այդ արժեքները դառնում են երկրորդական, նույնիսկ՝ ավելորդ եւ խանգարող: Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչախումբը միանգամայն ձեռնտու են արեւմտյան տերերին, հնազանդորեն կատարում են նրանց բոլոր հրահանգներն ու հանձնարարությունները, եւ, հետեւաբար, նրանք երբեք չեն հրաժարվի նրանից եւ երբեք չեն մասնակցի նրա պաշտոնազրկմանը: 

Մտածել, թե արեւմտյան երկրների կամ կառույցների համար իրենց մասին հայ հասարակության ունեցած կարծիքը որեւէ արժեք ունի, ուղղակի թյուրիմացություն է, նրանց համար կարեւոր է, որ իրենց նշանակած իշխանությունը գործի իրենց հրահանգներով եւ ըստ իրենց կողմից տրված ծրագրի: Նրանք Փաշինյանի դեմ կըմբոստանան միայն մի դեպքում, եթե նա դուրս գա իրենց վերահսկողությունից, ինչը երբեք էլ տեղի չի ունենա: Այնպես որ՝ համոզելով, արեւմտյան երկրների եւ կառույցների աջակցությունը ստանալու միջոցով իշխանություն վերցնելու տարբերակը բացառվում է, եթե հնարավոր է իշխանությանը հաղթել, ապա միայն համաժողովրդական պայքարով, թեկուզ անհավասար ուժային հարաբերակցության պայմաններում, այլ տարբերակ չկա: 

Սա հավասարապես վերաբերում է նաեւ այն ուժերին եւ անձանց, ովքեր փորձում են իշխանությունը վերցնել Ռուսաստանի աջակցությամբ, Փաշինյանի թույլ եւ հնազանդ իշխանությունը միանգամայն բավարարում է նաեւ Կրեմլին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image