Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Ժանսեմ. Կենդանի գծի վարպետը» ցուցահանդեսը (Ցուցահանդեսի համադրողներ՝ Նունե Թադեւոսյան, Վիգեն Գալստյան): 2025 թվականին լրանում է ֆրանսիական արդի արվեստի ակնառու դեմքերից մեկի՝ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013) ծննդյան 105-ամյակը եւ այս ցուցահանդեսը նվիրում է Ժանսեմի 105 ամյակին:
Հայոց ցեղասպանության վերջին ալիքից փրկված եւ միջազգայնորեն ճանաչված այս նկարիչը անկրկնելի հետագիծ է թողել որպես ֆիգուրատիվ արվեստի ներկայացուցիչ 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական եւ սփյուռքահայ մշակույթի պատմության մեջ: Արդիականության հանդեպ Ժանսեմի քննադատական, ավանդապաշտ հայացքները սնուցվել են նաեւ հայկական մշակույթի հետ նրա սերտ առնչություններից։ 1960-ականներից ի վեր նա պարբերաբար ցուցադրվել է Հայաստանում, ինչի շնորհիվ անհերքելի ազդեցություն է ունեցել խորհրդահայ կերպարվեստի զարգացման վրա։
Տարիների ընթացքում նկարիչը Հայաստանին նվիրաբերել է ավելի քան 500 աշխատանք, որի արգասիքն է նաեւ այս ցուցահանդեսը։ Դեռ վարպետի կենդանության օրոք Հայաստանի ազգային պատկերասրահը Ժանսեմին խոստանում է կազմակերպել նրա վերջին նվիրատվությունների ցուցադրությունը, սակայն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դա տեւում է 20 տարի:
«Եվ միայն այսօր մեր խոստումը կատարում ենք, բայց շատ ավելի ընդգրկուն, ծավալուն եւ հետաքրքիր կոնցեպտուալ տարբերակով,-ասում է պատկերասրահի տնօրեն Մարիա Հակոբյանն ու հավելում,- Այսօր միայն Ժանսեմի նվիրատվությունները չեն ցուցադրվում՝ 120-ից ավելի գրաֆիկական թերթ ներկայացնում են նկարչի ստեղծագործական շուրջ 3 տասնամյակը՝ բոլոր տեսանկյուններից: 120-ից ավել աշխատանք ներկայացնում է նրա վիմագրական վարպետությունը»: