Շատ վաղուց երկու ազդեցիկ կլանների առաջնորդներ՝ Գո Սյոտյանն ու Յան Տեսինյը, երդվում են մեկմեկու, որ կմիավորեն իրենց ուժերն ընդդեմ ընդհանուր թշնամու։ Սակայն նրանք զոհվում են՝ չտեսնելով իրենց զավակների լույս աշխարհ գալը։ Տարիներ անց նրանց որդիները՝ Գո Ծինն ու Վան Յանը, հայտնվում են բարիկադների տարբեր կողմերում։ Գո Ծինը երազում է լուծել հոր վրեժը եւ վերադարձնել իրենց կլանի երբեմնի փառքը։ Վան Յանն էլ հարել էր թշնամիների ճամբարին՝ դառնալով Ծին կայսրության զինվորական։ Սերիալի հիմքում «Ասք Կոնդորի հերոսների մասին» հայտնի վեպն է՝ գրված Ծին Յուանի կողմից, որին հաճախ անվանում են «չինական Տոլկին»։
Վեպը գրված է արկածային ֆենթեզի ժանրում, հիմնական շեշտադրումներն արեւելյան մարտարվեստի ցուցադրության վրա են արված։ Վեպն ունի հարուստ կինեմատոգրաֆիական պոտենցիալ եւ բազմաթիվ անգամներ է էկրանավորվել՝ թե՛ որպես կինոնկար, թե՛ որպես սերիալ։ 2 հերոսները՝ Գո Ծինը եւ Վան Յանը, պատմական հակամարտության երկու հակամարտող ճամբարներին են պատկանում, նաեւ արմատապես իրարից տարբերվող արժեքային համակարգ ունեն։ Ուշագրավ է նաեւ Հուան Ժունի կերպարը՝ մարտարվեստների հայտնի ուսուցչի դստեր, որը դառնում է Գո Ծինի կողմնակիցը։ Խելացի, անկախ եւ հմայիչ գեղեցկուհին արագորեն լեզու է գտնում երիտասարդ հերոսի հետ, ու նրանց միջեւ սեր է ծնվում։ Սակայն անցյալի խորհրդավոր ստվերները խանգարում են, որպեսզի նրանց սերը պտղավորվի, եւ լինեն երջանիկ։ Սերիալի անվիճելի առավելությունը վիզուալ արտահայտչականությունն է՝ կոստյումներից մինչեւ դեկորացիաներ, ցուցադրական մարտական ելույթներ։ Այն դիտողին տեղափոխում է միջնադարյան Չինաստան, որտեղ գեղեցկությունն ու դաժանությունը, պատիվն ու դավաճանությունը գոյակցում են կողք-կողքի։