Քաղաքականություն

Կարեւոր չէ, թե ում են ընտրում քաղաքացիները, կարեւորն այն է, թե այս կամ այն պաշտոնին ում է ուզում տեսնել գործող իշխանությունը

Կարեւոր չէ, թե ում են ընտրում քաղաքացիները, կարեւորն այն է, թե այս կամ այն պաշտոնին ում է ուզում տեսնել գործող իշխանությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Պապոյան Գևորգը վստահ է, որ վարչապետ Փաշինյանը երբեք չի խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը: «Ի տարբերություն նախորդ բռնատիրական ռեժիմների ժամանակների՝ քաղաքացիները կարող են ասել այն, ինչ ուզում են, և ազատորեն արտահայտել իրենց կամքը ընտրություններում»: Եվ դա, իր կարծիքով, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում տիրում է ժողովրդավարություն: Կարդալով այս տողերը՝ քիչ մնաց երջանկությունից լաց լինեի: Հատկապես հաշվի առնելով, որ «նախորդ բռնատիրական ռեժիմների ժամանակներում» շուրջ երկու տասնամյակ մասնակցել եմ բողոքի փողոցային ցույցերին: Էլ չասած օբյեկտիվ լրագրող լինելուս մասին, ինչը ևս խնդիրներ էր առաջացնում: Ու նաև հպարտ եմ եղել Նիկոլի հետ իմ ընկեր…, չէ, ընկերություն չկար, կար միայն ծանոթություն:

Բայց սպասեք, եթե եղել են փողոցային բողոքի դրսևորումներ, ու ես էլ մասնակցել եմ դրանց՝ ինչպե՞ս կարող էր նախորդ ռեժիմը լինել բռնատիրական: Ոնց հասկանում եմ, դրանք մեկը մյուսին հակադարձ և բացառող երևույթներ են: Կարող է պատահել, որ Գևորգը ևս՝ երբ դեռևս «պարոն նախարար» չէր, այլ այս կամ այն ՍՊԸ-ում ընդամենը մարքեթինգի գծով մասնագետ, կարող է մասնակցած լինել հանրային տրանսպորտի կամ էլէկտրաէներգիայի թանկացումների դեմ պայքարին: Թեև, անկեղծ ասած, կասկածում եմ, քանի որ մինչև 2018 թվականի հուլիսը՝ թեկուզ ձևականորեն, դեռևս Հանրապետական կուսակցության անդամ էր:

Ինչևէ, նրա այսօրվա ղեկավարը «նախորդ բռնատիրական ռեժիմների ժամանակներում» օրաթերթ էր հրատարակում և դրանում գրում էր այն, ինչ ցանկանում էր: Իսկ ցանկանում էր ոչ միայն ներկայացնել իրականությունը, այլև «ստեղծել» այն: Օրինակ՝ «փեսա Մինասյանի» նոր ծնված զավակի ոսկե ծծակ ունենալու պատմությունը: Ոնց հասկանում եմ, ոչ ոք դրա համար նրա նկատմամբ քրեական գործ չի կարել: Փաստորեն ստացվում է, որ Փաշինյան Նիկոլը, դեռևս վարչապետ կարգվելուց տարիներ առաջ, սովորություն է ունեցել խախտել մարդկանց անմեղության կանխավարկածը: Նույնիսկ ծծկեր երեխայի, քանի որ կենցաղային աղբամանում «քուջուջ անողների» առկայության պայմաններում ոսկե ծծակ ծծելը կարող էր դիտվել առնվազն զանցանք: Եվ այն կատարողին այս օրերում կփրկեր ընդամենը այն հանգամանքը, որ վերջինս այն ժամանակ ծծկեր երեխա էր: Դե իսկ, եթե դեռևս ընդդիմադիր Նիկոլն էր խախտում անմեղության կանխավարկածը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ է արել վերջինս վերջին յոթ տարում՝ կարգվելով վարչապետ: Կարծում եմ, որ դա կարող էր իմանալ նաև Պապոյանը՝ եթե աչքի անցկացներ գոնե չեզոք կայքերը և ոչ թե միայն իր ղեկավարի քաղաքացիական կնոջ կամ «ցիվիկ կամ սիվիկ»-ները:

Ի դեպ, դա խորհուրդ եմ տալիս ոչ թե ես, այլ Թուրքիայի նախագահներից մեկը (Օզալը կամ Դեմիրելը՝ արդեն չեմ հիշում որ մեկը), ով ասում էր, որ իրականությունը ճշգրիտ պատկերացնելու համար ինքն ընթերցում է ոչ թե իշխանական կամ իշխանամետ, այլ ընդդիմադիր թերթեր:     

Կասկած լինել չի կարող, որ իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, որ «քաղաքացիները կարող են ասել այն, ինչ ուզում են, և ազատորեն արտահայտել իրենց կամքը ընտրություններում»: Որովհետև ոչ շատ վաղուց Հայաստանում ընդունվել էր օրենք, ըստ որի պաշտոնյաների հասցեին թթու խոսք ասողները ենթակա էին քրեական հետապնդման: Այդ օրենքն այնքան հակաժողովրդավարական էր, որ նույնիսկ այս ոլորտում Փաշինյան Նիկոլի թիկունքը պահող Վենետիկի հանձնաժողովը դա անտեսել չէր կարող: Ու Հայաստանում տիրող «ժողովրդավարության» պայմաններում ընդունված այդ օրենքը ստիպված եղան չեղարկել: Բայց քանի որ նման երևույթ արդեն արձանագրվել էր, այն պահպանվեց, օրինակ, իրավապահ համակարգի ներկայացուցիչների առումով: Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը բախվեց հենց այդ երևույթին: Պատկերացնո՞ւմ եք՝ ակտիվ հասարակական գործիչ անձնավորությունը չի կարող քննադատել իրավական համակարգի որևէ ներկայացուցչի: Չե՞ք կարող պատկերացնել: Անկեղծ ասած, ես էլ չեմ կարող:

Ինչ մնում «պարոն նախարարի» վերջին պնդմանը (ընտրություններում իրենց կամքն ազատորեն արտահայտելուն)՝ ապա այդ առումով նույնիսկ կրակի վրա դրված կաթսայոււմ եփվող հավի ծիծաղը կգա: Որովհետև դեռևս Իոսիֆ Սալինն էր ասում, որ կարևոր չէ, թե ինչպես են քվեարկում քաղաքաքացիները, կարևորն այն է, թե ինչպես են հաշվում այդ ձայները: Մեր դեպքում այն վերաձևակերպվել է մեկ այլ տարբերակի՝ կարևոր չէ, թե ում են ընտրում քաղաքացիները, կարևորն այն է, թե ում է ուզում տեսնել այդ պաշտոնին երբեմնի «դուխով» Նիկոլը: Ում «դուխով» լինելը վաղուց դրսևորվում է միայն Հայաստանի քաղաքացիների հետ փոխհարաբերություններում՝ այն էլ իրավապահների աջակցությամբ: Ինչն էլ ապացուցվել է բազմաթիվ համայնքային ընտրություններում՝ երբ ընտրություններից հետո խնդիրներ են ծագել ընտրողների քվեին արժանացած այս կամ այն անձանց առումով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image