Քաղաքականություն

Հուսահատեցնող վիճակ

Հուսահատեցնող վիճակ

Երբ կողքից հետեւում ես մեր քաղաքական դաշտի անցուդարձին, սարսափում ես, թե ինչքան փարիսեցիություն, անմտություն, իշխանատենչություն կա այնտեղ։ Ահա՝ իշխանությունների կենաց-մահու պայքարը՝ իշխանություն պահելու համար։ Հուսահատ ու կատաղի ջանքերը, որ վաղաժամ չհանձնեն իշխանությունը եւ կարողանան եւս մեկ անգամ վերարտադրվել 2026-ին, թեկուզ դրա հետեւանքը լինեն ամեն ինչ կազմալուծելն ու կործանելը, պետություն կորցնելը, սերունդների անեծքին արժանանալը։ Թեկուզ դա լինի ամենավերջին ստորացման, իրենց արժանապատվությունը հողին հավասարեցնելու եւ որպես մարդ՝ ոչնչանալու գնով։ Ցավոք սրտի, շատ ավելի բարվոք չէ վիճակը նաեւ ընդդիմադիր դաշտում։ Նեղ, մանր «ռազբորկաներ», ճղճիմ մեղադրանքներ, իրենց անձը երկրից ու նրա շահից վեր դասել, իրար դեմ աշխատելու նողկալի մթնոլորտ, իրենց թիմակիցներին մինչեւ վերջ օգտագործելու փորձեր, ռեալ իրողությունները տեսնելու անկարողություն։ Եվ, վերջապես՝ հակառակորդի դեմ պայքարելու անընդունակություն ու ինֆանտիլիզմ։

Եվ երբ պարբերաբար մեղադրանքներ են հնչում՝ ուղղված ժողովրդին, թե ինչու փողոց դուրս չեք գալիս, չեք պայքարում, ինչու թույլ տվեցիք, որ Նիկոլն Արցախը հանձներ ու 7 տարի մնար աթոռին, նման բան ասողներին պետք է մատնացույց անել ընդդիմադիր դաշտի այս կատաստրոֆիկ վիճակը, ընդդիմադիր գործիչների տհաճ գզվռտոցն ու անծրագիր թափառումները։ Շարքային մարդը շատ ավելի լավ է տեսնում-զգում այդ ամենը, քան ձեզ թվում է։ Շարքային մարդն ազնիվ, հայրենասեր, սկզբունքային, իր հռչակած գաղափարներին նվիրված գործիչներ է ուզում տեսնել եւ երբ տեսնի, անպայման կգնա նրանց ետեւից։ Շարքային մարդն այլեւս հանուն ինչ-որ մեկին հեռացնելու դուրս չի գալու փողոց։ Նա մի անգամ արդեն տեսել է դրա աղետալի հետեւանքները։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image