Բուռն արձագանքները, զայրույթն ու հիասթափությունը պատահական չեն։ Դրանք վկայում են մեկ պարզ իրողության մասին՝ Հայաստանը չի հավատում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրառումը ջնջելու պատճառաբանությանը։
Փոխնախագահի գրասենյակը հայտարարում է, թե դա կազմակերպչական սխալ էր։ Սակայն բարձրաստիճան պաշտոնյայի անունից հրապարակումները սովորաբար անցնում են մի քանի մակարդակի ստուգում։ Հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է պատմականորեն և քաղաքականորեն չափազանց զգայուն թեմայի՝ 1915 թվականին։
Հետևաբար հարցերը բնական են։
Ինչպե՞ս կարող էր նման ձևակերպում հայտնվել պաշտոնական հարթակում՝ անցնելով ստուգումների փուլերը։
Եվ եթե հայտնվել էր, ինչո՞ւ ջնջվեց։
«Ցեղասպանություն» բառը պարզապես պատմական ձևակերպում չէ։ Այն իրավական, բարոյական և քաղաքական դիրքորոշում է։ Այդ բառը պաշտոնական հարթակում նշանակում է պատասխանատվություն։ Երբ այն անհետանում է, դա արդեն նշանակում է հետքայլ։ Իսկ երբ հետքայլը ներկայացվում է որպես «սխալ հրապարակում», հասարակությունը դա չի ընկալում որպես տեխնիկական վրիպում։
Այստեղ է ձևավորվում անվստահությունը։
Ավելին՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարությունը, թե ԱՄՆ քաղաքականության մեջ փոփոխություն չկա, փոխանակ փակելու հարցը, այն ավելի է սրում։ Եթե քաղաքականությունը չի փոխվել, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ ջնջել «ցեղասպանություն» բառը։ Եթե դա սխալ էր, ապա ինչպե՞ս այն հրապարակվեց։ Եթե քաղաքականությունը նույնն է, ապա ի՞նչն էր վտանգավոր այդ ձևակերպման մեջ։
Այս հակասությունն է, որ հասարակությունը տեսնում է։
Հայ ժողովուրդը պատմական փորձ ունի։ Այդ փորձը սովորեցրել է կարդալ ոչ միայն տեքստը, այլև ենթատեքստը։ Երբ մեծ պետությունները ասում են «սխալ», հաճախ դա նշանակում է «ոչ նպատակահարմար»։ Երբ ասում են «քաղաքականության մեջ փոփոխություն չկա», դա կարող է նշանակել, որ հաշվարկները նույնն են մնացել։
Սա հուզական արձագանք չէ միայն։ Սա փորձառության արձագանք է։
Հայաստանը չի հավատում ոչ թե որովհետև մերժում է բացատրությունը, այլ որովհետև այն չի դիմանում տրամաբանական քննությանը։ Երբ բառը հայտնվում է և անհետանում, վստահությունը չի կարող մնալ անփոփոխ։
Հայ ժողովուրդը զգացմունքային է, բայց ոչ միամիտ։ Եվ հոդվածի վերնագիրը՝ Հայաստանը չի հավատում «սխալ հրապարակման» հեքիաթին պատահական չէ։ Հեքիաթ բառն իր մեջ ընդգրկում է խորը ենթաշերտ, այն է՝ բազմադարյա հայ ժողովուրդը միամիտ չէ․․․