«Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք», փետրվարի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով արցախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք։ Լրագրողի՝ «բայց այնտեղ մարդիկ մորթվում էին» դիտարկմանը, Ալեն Սիմոնյանը կրկին պատասխանել է. «պետք էր կռվել»։ «Կարելի էր պայքարել այն զենքերով, որոնք ՀՀ–ն տվել էր, այն քաղաքական սատարումով։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է։ Պետք էր այնտեղ իշխանություն փոխել, բերել հաճո իշխանություն, հայտարարել, որ մենք այդ նույն բանն անելու ենք ՀՀ–ում, և օրեր անց ստորագրել այդ հռչակված պետության վերացման մասին»,–հավելել է նա` փորձելով մեղքը դնել Արցախի վերջին իշխանությունների վրա։ Ապա անդրադառնալով արցախահայության վերադարձի հնարավորությանը, նա ասել է. «Ամեն ինչ կարվի, և դուք կվերադառնաք այնտեղ, երբ անվտանգ կլինի»։
Լրագրողի ճշտող հարցին, թե ե՞րբ անվտանգ կլինի, Սիմոնյանը պատասխանել է՝ «երբ խաղաղության պայմանագիր կկնքենք, և բոլոր հարաբերությունները կկարգավորենք»։ Անդրադառնալով հարցերին, թե ինչո՞ւ այլևս չի օգտագործում «Արցախ» անունը, Ալեն Սիմոնյանն ասել է. «Ես քաղաքական գործիչ եմ, և դեմ եմ, որ ինչ–որ այլ երկրի քաղաքացի իմ երկրի քաղաքներից մեկն անվանի թուրքական, ադրբեջանական անուններով, և ես իմ քաղաքական գործչի էթիկան պետք է պահպանեմ։ Ձեզ թվում է՝ ես քաղաքացիական ակտիվի՞ստ եմ, և պետք է հաճո բաներ ասեմ»։ Ազգային ժողովի նախագահի հայտարարությունների և արցախցիների կռվելու թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է օկուպացված Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, Ալեն Սիմոնյանը կարծում է, որ արցախցիները չեն կռվել, թողել փախել են, ցավոք, այդպես են մտածում նաև այլ անձինք: Ի՞նչ կարող էր անել արցախցին, երբ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ու Պրագայում հանձնում էր Արցախը, առանց արցախցիների կարծիքը լսելու:
- Նախ էդ, որ ասում են` չենք կռվել, թողել` փախել ենք, զենքն էլ տվել ենք թուրքերին, ասեմ, որ Լևոն Մնացականյանը հաշվարկել էր, կռվի դեպքում այդ զենքը մեզ հերիքելու էր ընդամենը 17 օր, ոչ մի օր ավելի: Իսկ եթե Հայաստանը ճեղքեր ու մտներ Արցախ, Արցախը անպայման կփրկվեր: Բայց պարզ է, որ նման բան չէր կարող լինել, քանի որ կար նախապես պայմանավորվածություն: Արդյունքում` եթե դուրս չգայինք, ապա 120 հազար մարդ պետք է մորթվեր, ցեղասպանվեր, երևի այս մարդկանց ուզածն էլ հենց դա է, որ մնայինք, մորթվեինք: Ինչ վերաբերում է մեր կռվելուն, ապա մի օրվա մեջ ավելի շատ կռիվ ենք տվել, քան 44-օրյայի ժամանակ, անգամ ադրբեջանցիներն են փաստում, որ հերոսաբար կռիվ է եղել: Բացի այդ, Ալեն Սիմոնյանը լավ պետք է իմանա, որ շրջափակման մեջ ընկած սոված զինվորը երկար չի կարող կռվել: Մեզ շրջափակման մեջ էին գցել` ուղիղ մեկ տարի, ինչո՞ւ այդ մասին չեն հիշում, հաշվի չեն առնում այդ հանգամանքը: Լսելով, թե ինչեր են խոսում, մի եզրակացության ենք գալիս, որ ամեն բան անում են թշնամու աչքին բարձր երևալու համար: Գուցե չեն էլ ուզում շատ բան խոսել, սակայն այնքան մեծ է ցանկությունը Ալիևի աչքին բարձր երևալու, որ լռել չեն կարողանում: Ադրբեջանի ջրաղացին են բացառապես ջուր լցնում և հայ ազգը պառակտում: Սա է ողջ իրականությունը: Բայց այդպես չի կարելի: Ժամանակավոր խաղերի պատճառով ազգի հետ այսպես չի կարելի վարվել: Կա նաև մի խավ, որ լսելով այդ անհեթեթ հայտարարությունները, հավատում է ու կրկնում, ասելով, որ արցախցին չի կռվել: Բա եթե արցախցին չի կռվել` մի օրվա մեջ որտեղի՞ց 263 զոհ: Կռվե՞լ ենք, չէ՞, որ այդքան զոհ է եղել 24 ժամվա մեջ: Մարդիկ ամեն ինչ արեցին, կռվեցին, պայքարեցին, իրենք շատ լավ էլ գիտեն, թե արցախցիներն ինչ հերոսություններ են արել, ուղղակի երեխայություններ են անում, ազգին պառակտում, հավանաբար այս ամենն արվում է միայն աթոռները պահելու համար: 1988 թվականից սկսկած մենք հաղթեցինք, որովհետև հայ ազգը միասնական էր, չկար ոչ մի պառակտիչ, թեպետ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր, որ Շուշին ազատագրեինք, սակայն նա էլ չէր պառակտում, ուղղակի իր տեսակետն էր ասում, իսկ հիմա Ազգային ժողովի ամբիոնից Ադրբեջանին են հաճոյանում` առանց անհարմար զգալու, բայց ժողովուրդն արդեն ամեն ինչ լավ հասկանում է ու այս վիճակը երկար դժվար թե շարունակվի:
- Առհասարակ 90-ականներից սկսած մի զանգված կա, որ անդադար փնովում է արցախցիներին, ասում է, որ միայն Հայաստանից գնացած տղաներն են պայքարել ու կռվել, որ արցախցիները միշտ թաքնվել են, փախել են: Ո՞րն է այս գաղափարները կրող զանգվածի նպատակը:
- Նախ ասեմ, որ արցախցիները միշտ էլ գնահատել են Հայաստանից եկած զինվորին: Քարին տակի հերոսամարտին, որը տեղի է ունեցել 1992 թվականին, 12 ժամ կռիվ է գնացել, իսկ կռվողները, բացառապես տեղի ժողովուրդն է եղել` շրջակա գյուղերով հանդերձ, այժմ ինչպե՞ս է ստացվում, որ արցախցին չի կռվել, դժվար է ասելը: Անգամ այդ տարիներին օգնություն չի եղել: Ադրբեջանն այդ 12 ժամվա ընթացքում 200-ից ավելի զոհ է տվել: Արդյունքում ադրբեջանցիները թողեցին փախան: Հիմա մեզնից ո՞վ է կռվողը ու ո՞վ կռվից վախեցողը: Բեկ Փիրումյանը որտեղի՞ց էր, Արցախից չէ՞ր: Չի կարելի նման տարբերություններ դնել, հայը մնում է հայ: Հայերը միշտ էլ հայրենասեր, նվիրված ժողովուրդ են եղել, որովհետև նման պառակտիչներ չեն եղել: Հակառակը` այն ժամանակ ոգևորում էին իշխանությունները, հայի մեջ ոչ մի անգամ պառակտում չի եղել: Թուրքն այսօր այնքան չի պառակտում, որքան մեր ներսի պառակտիչները: Հատկապես, երբ մարդը բարձր պաշտոններ է զբաղեցնում, պետք է հաշիվ տա իր խոսքերին: Ո՞նց են սրանք մարդկանց միջով քայլում, համացանցում ինչ ասես, որ չեն գրում, ու ոչ մեկը մի դրական խոսք չի գրում սրանց մասին: Մարդը պետք է մի քիչ հեռատես լինի, իր վաղվա օրվա մասին մտածի:
- Արցախը վաղուց հանձնել են, իրենց նպատակին հասել են, այժմ ինչո՞ւ են ուզում նոր ատելության ալիք բարձրացնել արցախցիների հանդեպ:
- Ինչ ասում են, ասում են` թուրքի համար: Թուրքին հաճոյանալու խնդիր ունեն: Երևի մտածում են, որ Ալիևին ինչքան շատ շոյեն, այնքան լավ կլինի, բայց ոչ, ուժն է հաղթանակներ ծնում: Կեղծ զրույցներով ոչնչի չենք հասնելու: Ալիևը Երևան է ցանկանում գալ, արդեն Երևանում նստավայր ունենալու մասին են խոսում: Միայն ուժը կարող է նրանց ձայնը կտրել: 30 տարի չէին խոսում, ինչո՞ւ հիմա սկսեցին խոսել, որովհետև հիմա լռեցնող չկա: Բռունցք չկա: