Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի քանի փողոցներում գիշերվանից էկեկտրամատակարարումը խափանվել է եւ մինչեւ հիմա չի վերականգնվել: Բնակիչները զայրացած ահազանգում են, որ ձմռան ցրտին հոսանք չունեն. «Գիշերվանից մի քանի անգամ լույսերը անջատեցին տվեցին, հետո անջատվեց եւ մինչեւ հիմա լույս չունենք: Ողջ գիշեր չկարողացանք քնել, ցուրտ էր, քանի որ բաքսին հոսանքով է, հետո մտածում էինք` հանկարծ բաքսին չսառչի: Մի կերպ դրսի պատուհանից շորերով փաթաթել ենք բաքսին, որ հանկարծ մեջի ջուրը չսառի»:
Հրազդանի թիվ 4 մանկապարտեզը ևս այսօր չի գործում, հոսանք չլինելու պատճառով հնարավոր չի եղել մանկապարտեզը ջեռուցել: Առավոտյան զանգահարեցինք էլեկտրացանց «Գեղամա» մասնաճյուղ պարզելու, թե ինչու է խափանվել էլեկտրամատակարարումը եւ երբ կվերականգվի: Մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արա Հակոբյանը, ով մի քանի ամիս առաջ է նշանակվել այդ պաշտոնին` ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի կողմից, դեռ աշխատանքի չէր եկել, տնօրենի խորհրդական Ջեյմս Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է, հիմա տեղում աշխատանքներ են կատարվում. «3 կետում վթար է եղել, 2 տեղում հայտնաբերել ենք, մի հատվածը գետնի տակ է գտնվում, փորձում ենք հայտնաբերել, որ տեխնիկայով քանդենք եւ վթարը վերականգնենք: Կարծում են առաջիկա ժամերի ընթացքում այս կետում եւս վթարը կվերացնենք եւ էլեկտրամատակարարումը կվերականգվի»: Մեր զրույցից արդեն մոտ 10 ժամ է անցել, սակայն դեռ հոսանքի մատակարարումը չի վերականգնվել: