Քաղաքականություն

Արամ Սարգսյանն ասում է` եկեք լուծարենք Հայաստանի Հանրապետությունը, երկրի կառավարումը տանք օտարներին

Արամ Սարգսյանն ասում է` եկեք լուծարենք Հայաստանի Հանրապետությունը, երկրի կառավարումը տանք օտարներին

Հայ արեւմտասերներից ամենակրեատիվը Արամ Սարգսյանն է: Նա միանգամից հարմարվել է նոր փոփոխված իրողություններին եւ առաջարկում է Հայաստանն ու նրա ընդերքի հարստությունները, հիդրոռեսուրսները, ջրային պաշարները բաժանել արեւմտյան երկրներին. առաջարկում է ֆրանսիական մասնավոր ընկերությանը հանձնել Հայաստանի սահմանների մաքսային հսկողությունը`ընդհանրապես ողջ մաքսային հսկողությունը, եւ ոչ թե, ասենք՝ Նիկոլի կողմից ադրբեջանցիներին խոստացված միջանցքինը, Արաքս գետի վրա Իրանի հետ համատեղ հիդրոէլեկտրակայան կառուցել, Մեծ Բրիտանիային առաջարկում է Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարումը, Միացյալ Նահանգներին է ուզում հանձնել Հայաստանի էներգետիկայի 60 տոկոսը: Արամ Սարգսյանն ուզում է էլ ավելի խորացնել Հայաստանում առկա արեւմտյան գաղութային տիրապետությունը, այն հույսով, որ Արեւմուտքն իրեն կնշանակի գաղութային կառավարիչ: Ամբողջ աշխարհում տեղի է ունենում հակագաղութային պայքար, ապագաղութացում, Հայաստանում բացահայտորեն քարոզվում է երկրի գաղութացման եւ օտարին հանձնելու օգտակարությունը:

Ահա թե ինչ հաճարեղ գաղափարներ են հասունացել այս մարդու գլխում. «Ֆրանսիային պետք է առաջարկենք կառուցել հիդրոէլեկտրակայան Արաքսի վրա, այն նույն կայանը, որ չկառուցվեց Սերժ Սարգսյանի ժամանակ։ Վստահաբար՝ Իրանը կողմ կլինի։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մենք պետք է առաջարկենք ֆրանսիական մասնավոր մաքսային ընկերության՝ իրականացնել ՀՀ մուտքի մաքսային ստուգումները։ Միացյալ Թագավորությանը, որ հիմա եվրոպական համատեքստ է մտնում, պետք է առաջարկենք մեր ջրային ռեսուրսների ամբողջական կառավարումը։ Մենք պետք է դիմենք, համոզենք, բացատրենք, եթե պետք է, անգամ բիզնես շահավետության պատվերն ինքներս կազմակերպենք, քանի որ ջուրը կենսական բնական ռեսուրս է, իսկ մենք հիմա ամբողջությամբ նվիրում ենք մեր թշնամուն։

Միացյալ Թագավորությանը մենք կարող ենք առաջարկել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը` որպես տրանզիտ Մումբայ եւ Սիդնեյ ուղղությունների համար։ ԱՄՆ-ին, որ իր տեխնոլոգիաները կարողանում է աշխատեցնել բացառապես Չինաստանից ներմուծվող բազմամետաղների վրա, որի հետեւանքով միջպետական պարտքը Չինաստանին 850 միլիարդ է, պետք է առաջարկել մեր մետաղական հանքավայրերը եւ որպես առաջին քայլ՝ Քաջարանի ձախ ափի լիցենզիան տրամադրել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ին պետք է տալ նաեւ ՀՀ ատոմային էներգետիկայի 60%-ը՝ մոդուլային ատոմակայանների տեսքով»։ Եթե Հայաստանի իշխանության ղեկին չլինեին նույն գաղութային մտածողության տեր մարդիկ, ապա հիմա Արամ Սարգսյանի դեմ պետք է քրեական գործ հարուցված լիներ` Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ բացահայտ գործունեություն իրականացնելու հիմքով, նրանով պետք է զբաղվեր ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության վարչությունը: Արամ Սարգսյանը փաստացի ասում է` եկեք լուծարենք Հայաստանի Հանրապետությունը, թող երկրի կառավարմամբ զբաղվեն օտարները:

Աշխարհը շարժվում է մի ուղղությամբ, մենք` ճիշտ հակառակ: Աշխարհի փոքր երկրները գնում են ապագաղութացման ճանապարհով, ազգայնացնում են իրենց երկրի ընդերքը, ջրային եւ հանքային ռեսուրսերը, որոնք հայտնվել են տարբեր գաղութային ընկերությունների տիրապետության տակ, Հայաստանում ապրում են` հերիք չէ, քաղաքականությամբ են զբաղվում մարդիկ, ովքեր բացահայտ քարոզում են երկրի գաղութացման քաղաքականություն: Միացյալ Նահանգներն ուզում է գրավել Պանամայի ջրանցքը, բայց Պանամայի իշխանությունները շատ կտրուկ դեմ են արտահայտվում ԱՄՆ-ի նման պահանջներին, ուզում է տիրանալ Ուկրաինայի ընդերքին, երկրի իշխանություններն ընդդիմանում են, աֆրիկյան մայրցամաքում բազմաթիվ նախկին ու ներկա ֆրանսիական գաղութային երկրներ բարձրացնում են ազատության դրոշը, Հարավային Ամերիկայի երկրներում ազգայնացնում են ամերիկյան եւ եվրոպական ընկերությունների կողմից շահագործվող մետաղական եւ նավթագազային հանքավայրերը, Հայաստանում բացահայտ ասում են` եկեք տիրացեք մեր երկրի հարստություններին, պատրաստ ենք դրանք ձեզ նվիրել, միայն թե մեզ նշանակեք ձեր ներկայացուցիչ, որ ձեր թալանածից մեզ էլ փշրանքներ բաժին հասնեն, մենք էլ ուտենք ու երջանիկ ապրենք:

Արամ Սարգսյանը քաղաքական գործիչ չէ, նա դասական իմաստով կոմպրադորական բուրժուազիայի ներկայացուցիչ է, որը գրանցել է կուսակցություն եւ դրանով քաղաքական տանիք է ստեղծել իր բիզնեսի համար: Կոմպրադորական բուրժուազիայի ներկայացուցիչ է համարվել երկրի գործարարների այն խավը, որը հանուն սեփական հարստության պահպանման եւ հանուն սեփական բիզնեսի՝ համագործակցել է գաղութարարների հետ, նպաստել օտարերկրյա, տրանսնացիոնալ կորպորացիաների առաջխաղացմանի իրենց երկրների տարածքում, հակառակ երկրի տնտեսական շահերի եւ հօգուտ տնտեսական անկախության ոչնչացման: Այս իմաստով կարելի է ասել, որ Արամ Սարգսյանը բացառություն չէ, եւ աշխարհի բազմաթիվ գաղութային երկրներում էլ եղել են եւ հիմա էլ կան կոմպրադորական բուրժուազիայի ներկայացուցիչներ: Նույնիսկ Հայաստանում Արամ Սարգսյանի գաղափարակիցների պակաս չկա: Զավեշտն այն է, որ Արամ Սարգսյանը քաղաքականության մեջ է հայտնվել եղբոր՝ Վազգեն Սարգսյանի սպանության արդյունքում: Իսկ Վազգեն Սարգսյանը սպանվել է ընդամենը մի բանի համար` նա դեմ էր Հայաստանի գաղութացմանը եւ իր ամբողջ քաղաքական գործունեությունը նվիրեց Հայաստանի ինքնիշխանությանը: Երբ արեւմտյան գաղութարարները վերջնականապես համոզվեցին, որ Վազգեն Սարգսյանին քաղաքական գործիքներով հնարավոր չէ վերացնել որպես գործոն, նրան ոչնչացրին ֆիզիկապես: Վազգեն Սարգսյանը Հայաստանի ապագաղութացման պայքարի ամենավառ գործիչն էր: Եվ հիմա Արամ Սարգսյանը բացահայտ Հայաստանի գաղութացման քարոզչություն է անում՝ արեւմտյան գաղութարարներին հուշելով, թե ով ինչ հարստության կարող է տիրանալ մեր երկրում: Միակ սփոփանքն այս պարագայում այն է, որ նախկինի նման չի հայտարարում, թե ինքը Վազգեն Սարգսյանի գործի շարունակողն է: Հնարավոր չէ մի գործի շարունակողը լինել՝ չիմանալով, թե ինչի մասին է եղել այդ գործը: Վազգեն Սարգսյանը չի եղել արեւմտյան եւ որեւէ այլ տիրոջ սպասարկու` աբսլուգ, ինչի մասին այդքան երազում է Արամ Սարգսյանը:

Չի կարող որեւէ երկիր զարգացում, բարգավաճում ունենալ, եթե նրա հարստությունները շահագործում եւ կառավարում են օտարները, իսկ երկրի բնակչությունն ընդամենը ծառայում է որպես վարձու բանվոր եւ սպասարկող անձնակազմ: Չեն կարող երկրի ընդերքը, հիդրոռուսուրսները, ջրային ռեսուրսները, էներգետիկան գտնվել օտարի ձեռքում, իսկ երկիրը լինի հարուստ, որովհետեւ այդ օտարները երկրի հարստությունները դուրս են բերելու երկրից՝ երկիրը մատնելով հավերժական աղքատության եւ թշվառության, ինչի օրինակները եւս բազմաթիվ են: Հայաստանի նոր իշխանությունը պետք է մտածի ոչ թե այն մասին, թե էլ ինչ է հանձնելու օտարներին, այլ թե նախկինում օտարին հանձնվածից ինչ կարելի է վերադարձնել, ազգայնացնել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image