Ռուսական կինոն եւ հատկապես կինովարձույթը վերջին տարիներին ունեն երկու մակարդակ․ առաջինում պաշտոնապես գրաքննություն անցած եւ ցուցադրության թույլատրված կինոնկարներն են, երկրորդում՝ ոչ պաշտոնական կամ «պիրատային» ֆիլմերը։ Նոր տարվա եւ սուրբծննդյան արձակուրդների ժամանակ, որոնք Ռուսաստանում բավականին երկար են տեւում, մոտ 10 օր կինովարձույթում գերիշխում են ռուսական կինոնկարները։ Ընդ որում՝ «Չեբուրաշկա 2»-ը կինովարձույթի ռեկորդ է սահմանել։ Արձակուրդներից հետո էլ դա շարունակվում է։ Այս շաբաթ «Չեբուրաշկա 2»-ի կինովարձույթի հասույթը հասել է ռուսական իրականության համար ռեկորդային՝ 6 միլիարդ ռուբլու՝ գրում է մեկնաբան Ալեքսեյ Մակարկինը։
Սակայն ռեկորդակիր կինոնկարի ոչ բավարար գաղափարական հենք ունենալու հետ կապված՝ քննադատություններ են հնչում։ Չնայած գուցե այդ ոչ բավարար գաղափարական հենքն ու թեթեւությունն են, որ մարդկանց գրավում են։ Չէ՞ որ հիմա բոլորը հոգնել են քաղաքականացվածությունից։ Երեւույթը, ի դեպ, նոր չէ։ Ժամանակին ֆրանսիական կինոկատակերգությունները, որոնք ցուցադրվում էին խորհրդային էկրաններին, քննադատվում էին այն բանի համար, որ բացակայում էին իրական սոցիալականությունն ու դասակարգային գիտակցությունը։ Վերջին շրջանի կինովարձութային հասույթների ամփոփումից երեւում է, որ մարդիկ հետաքրքրված են «պիրատային» «Ավատար․ կրակ եւ մոխիր» կինոնկարով, որի հասույթը կազմել է 1,2 միլիարդ ռուբլի, ինչպես նաեւ՝ ռուսական «Սպասուհին» ժապավենով, որը հավաքել է մոտ 1,2 միլիարդ ռուբլու հասույթ։
Վերջին շաբաթներին հատկապես մեծ է եղել Սարիկ Անդրեասյանի «Սալթան թագավորի հեքիաթները» ֆիլմի հասույթը։ Հայազգի այս ռեժիսորի կինոնկարները քննադատելը Ռուսաստանում «լավ տոնի նշան» է համարվում, սակայն կինոդիտողը սիրում է նրա կինոնկարները, ու հատկապես այս վերջին ժապավենը մեծ պահանջարկ ունի։ Ու պարզ չէ, թե դրանում որքան է Անդրեասյանի, որքան` Պուշկինի ներդրումը։ 4 օրում կինոնկարը հավաքել է 670 միլիոն ռուբլի։ Կա կանխատեսում, որ այն կգերազանցի 1 միլիարդ ռուբլու սահմանը։ Իսկ, ահա, «Ձախլիկը» կինոժապավենը, որը 842 միլիոն ռուբլի բյուջե ուներ, որից 225 միլիոնը պետական անվերադարձ սուբսիդիա է, կարողացել է հավաքել միայն 285 միլիոն ռուբլի, եւ կարծես թե կինովարձույթում հաջողության հասնելու շանսերն արդեն մարում են։