Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, տեղամասերի ավելի քան 97 տոկոսի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է քվեների 54,24 տոկոսը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԿԸՀ-ն։ Ընդդիմադիրները ստացել են քվեների 37,33 տոկոսը։
Ընդ որում, եթե բուն Վրաստանում «Վրացական երազանքը» առաջատար է, ապա վրացական Սփյուռքում, այսինքն, եվրոպական երկրներում վերջինս միայն երրորդ տեղն է գրավել։
Վրացական ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։
«Վրացական երազանքից» էլ արդեն արձագանքել են, որ ընդդիմության համար կարեւոր են եղել ոչ այնքան ընտրությունները, որքան այն, թե ընտրություններից հետո ինչ գործողությունների են դիմելու՝ որպես առաջին քայլ հայտարարելով, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։
Հասկանալի է, որ իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը պատրաստվում է երկրի քաղաքական կյանքում ապակայունացում մտցնել։
Մեծ հաշվով ունենք մի վիճակ, որ գործող իշխանությունն ամեն դեպքում շարունակում է մնալ երկրի ղեկին։ Բուն Վրաստանում ժողովուրդը կարծես թե առանձնապես դեմ չէ այն քաղաքական գծին, որը ներկայումս վարում է «Վրացական երազանքը»։ Այս առումով՝ բուն Վրաստանում եւ վրացական Սփյուռքում տիրող քաղաքական տրամադրություններում կան ընդգծված տարբերություններ։
«Վրացական երազանքն» էլ կարծես թե ճիշտ մարտավարություն ընտրեց եւ վրացական իրականության համար «ցավոտ» Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի թեմաները արծարծելով, դրանց կորստյան մեղավոր հայտարարելով ներկայիս ընդդիմությանը, որը այն ժամանակ իշխանություն էր, կարողացավ հասնել ցանկալի արդյունքների։ Ասել, թե քաղաքական կյանքը Վրաստանում այսքանով կհանդարտվի, դժվար թե։ Խմորումներ կլինեն իհարկե։
Հատկապես առաջիկա մի քանի շաբաթներին, երբ նաեւ որոշակի պարզություն մտնի նաեւ, թե ով է դառնալու ԱՄՆ հաջորդ նախագահը, այսինքն՝ երբ տեղի ունենան նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում եւ հայտնի դառնան արդյունքները։
Հետաքրքրականը թերեւս այն էր, թե ինչպես ռեգիոնում ամենա-արեւմտամետ երկրի համարում ունեցող Վրաստանը որոշեց նորից վստահության քվե տալ այն քաղաքական ուժին, ի դեմս «Վրացական երազանքի», որը դեմ է հանուն Արեւմուտքի շահերի` Ռուսաստանի դեմ Վրաստանի հաշվին «երկրորդ ճակատ» բացելու հեռանկարին։