Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչ ախորժակ ունի Էրդողանն Ուկրաինայում

«Հրապարակ». Ինչ ախորժակ ունի Էրդողանն Ուկրաինայում

Որքան էլ Մոսկվան ու Անկարան հրապարակային հայտարարություններում փորձում են ցույց տալ, թե Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ոչինչ չի փոխվել, կանխատեսելի է, որ առաջիկա հեռանկարում այդ հարաբերությունները չեն ունենալու այն ջերմությունը, որն ունեին ռուս-ուկրաինական պատերազմի թեժ փուլերում, երբ փոխշահավետ գործարք էր կայացել։ Ուկրաինական թնջուկի կարգավորման հարցում Թուրքիայի ակտիվությունը, բնականաբար, առաջացնելու է Մոսկվայի՝ եթե ոչ հակազդեցությունը, ապա՝ բացասական վերաբերմունքը։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են պատերազմի դադարեցման հարթակ դառնալու եւ անգամ Ուկրաինա խաղաղապահ զորք ուղարկելու պատրաստակամության մասին, իսկ թուրքական զորքը նաեւ ՆԱՏՕ-ական զորք է։ Էրդողանը Թուրքիան հռչակում է որպես տարածաշրջանային առանցքային տերություն՝ որպես «փլեյմեյքեր», այլ ոչ թե պասիվ դերակատար համաշխարհային գործերում: Այս մասին Էրդողանը նախօրեին կրկին հայտարարություն է արել։ Իսկ ավելի վաղ Անկարայում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Էրդողանը կարեւորել էր «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը» եւ ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար Թուրքիան համարել է «կատարյալ վայր»։

Այս հարցում ակտիվությանը զուգահեռ, Անկարան եւ Բաքուն պասիվ չեն նաեւ Հարավային Կովկասում։ Հունվարի 15-ին հայտնի դարձավ Կարսում անցկացվելիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին, որն անցկացվել է Թուրքիայի մարտական պատրաստության կենտրոնի հրամանատարության մասնակցությամբ։ Կովկասագետ Կարեն Իգիթյանը «Հրապարակ»-ին ասում է՝ Անկարան ու Բաքուն զորավարժությունների համատեղ պլան ունեն, որը համակարգված կերպով պարբերաբար իրականացնում են։ Այս զորավարժություններով թուրք-ադրբեջանական զինված ուժերը նախապատրաստվում են լեռնային եւ ցուրտ պայմաններում մարտական գործողությունների։ Զորավարժություններին մասնակցել են նաեւ Նախիջեւանում տեղակայված ուժերը։

«Եթե ենթադրենք, որ այդ զորքերը պատրաստվում են հարված հասցնել Հայաստանին, ապա կարող ենք ենթադրել նաեւ, թե որտեղ։ Դա կարող է լինել Սյունիքի ուղղությունը։ Ադրբեջանը չի հրաժարվել եւ չի հրաժարվելու ուժի սպառնալիքից, որովհետեւ դա աշխատող գործիք է։ Վերջին տարիներին մենք դա տեսել ենք՝ ուժի սպառնալիքն ու ուժի կիրառումն Ադրբեջանին միշտ հաջողություն են բերում, իսկ այդ հարցում նա ունի Թուրքիայի աջակցությունը, եւ այս զորավարժությունները, մի կողմից, փորձի փոխանակման, մյուս կողմից՝ ուժի ցուցադրության նպատակ ունեն։ Դրանով ցույց են տալիս, որ Ադրբեջանը գործում է Թուրքիայի հովանավորության ներքո»,- ասում է վերլուծաբանը։

Հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտության ջանքերը եւ այն, որ Թրամփն այդ հարցում խաղաղություն է խոստացել, արդյո՞ք Թուրքիայի ու Ադրբեջանի նմանօրինակ ակտիվությունը, այսպես ասած, աշխարհում նոր թրենդի շրջանակներից դուրս չի ընկալվելու։ Իգիթյանն ասում է՝ աշխարհում թրենդն այն մասին է, որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը բերում են նրան, որ այն երկիրը, որը դա իրականացնում է, խնդիրը կարողանում է լուծել իր օգտին, իսկ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի համար շատ լավ ուղերձ է։

«Իհարկե, այստեղ դետալներ կան, եթե նրանք դա անեն՝ ի հակառակ խոշոր երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, կարող են խնդիրներ ունենալ, բայց ինչո՞ւ չպատրաստվել դրան։ Պատերազմի վտանգը Հարավային Կովկասում միշտ կա՝ Ադրբեջանը դրա համար ունի համապատասխան նպատակ եւ միջոցներ։ Նպատակի մասին Ալիեւը բազմիցս ասել է, իսկ միջոցներն ունի, եւ ամենակարեւորը՝ ՀՀ դե ֆակտո կառավարությունը չի կարողացել ստեղծել համապատասխան անվտանգային ճարտարապետություն, որը կզսպի նրան։ Մենք տեսել ենք, թե 2020-ից այս կողմ Ադրբեջանը քանի անգամ է ագրեսիայի ենթարկել Հայաստանն ու Արցախը եւ, որ ամենակարեւորն է՝ որեւէ կերպ չի պատժվել։ Մյուս կողմից, Ադրբեջանը հիմա զգույշ է գործում՝ հասկանալով, որ խոշոր երկրները մեծ հարցեր են լուծում, բայց, սրանով հանդերձ, բացառված չէ, որ նա ռիսկի գնա, հողի վրա ինչ-որ բան ստանա, եւ մեծ խաղացողները գործ ունենան այդ նոր իրականության հետ»,- շարունակում է կովկասագետը։

Ինչ վերաբերում է Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու թուրքական առաջարկին, Իգիթյանի խոսքով, ի տարբերություն Փաշինյանի կառավարության, Էրդողանի կառավարությունը ցանկացած հարցում միշտ նշում է Թուրքիայի պատմական դերը եւ հղում անում Օսմանյան կայսրությանը, իսկ տվյալ դեպքում, Ղրիմի խանությունն Օսմանյան Թուրքիայի վասալն էր, ավելին՝ ներկայիս Ուկրաինայի որոշ տարածքներ այդ կայսրության կազմում էին։ «Թուրքիան այդ ամբողջ տարածաշրջանը ընկալում է որպես իր պատմական ազդեցության գոտի»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

Նա բացատրում է՝ Արեւմուտքն այդ մեծ տարածաշրջանում ներկայացված է մի քանի ճյուղով՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ԵՄ եւ Թուրքիա, իսկ Հարավային Կովկասում՝ նաեւ Իսրայել։ Ըստ մասնագետի, ԵՄ-ն ցույց տվեց, որ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական տեսանկյունից շատ թույլ է՝ դրանից բխող հետեւանքներով․ «Եվրոպայի անվտանգության հարցերը Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն կարգավորում են առանց Եվրոպայի, եթե այդ բանաձեւից մենք հանում ենք ԵՄ-ն, հասկանալի է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի դերն ավելանում է։ Մյուս կողմից, ԱՄՆ-ն փորձում է այդ անվտանգության բեռն իր ուսերից գցել, այս տեսանկյունից եւս Թուրքիայի դերն աճում է, ուստի տրամաբանական է, որ Թուրքիան փորձում է մտնել խաղի մեջ։ Հասկանալի է, որ Թուրքիան ունենալու է պահանջներ՝ թե դրանք ինչպես են անդրադառնալու Հարավային Կովկասի վրա, դա դեռ կտեսնենք։ Կարծում եմ՝ Ռուսաստանը չի համաձայնի դրանց, բայց այն, որ Թուրքիան կարող է պրոակտիվ լինել եւ նման առաջարկներով հանդես գալ, դա մեզ չպետք է զարմացնի։ ՌԴ ղեկավարությունը, ինչպես հայտնի է,  բազմիցս է շեշտել, որ ՆԱՏՕ-ի ներկայությունն Ուկրաինայում Մոսկվայի համար անընդունելի է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Ավելին, Թուրքիան ունի պատմական հավակնություններ, ինչի մասին մենք խոսեցինք, նման հավակնություններ, օրինակ, չունի Հունգարիան կամ Բուլղարիան, եթե ենթադրենք, որ նրա զորքերի մասին խոսք գնար, ուստի թուրքական զորքն անընդունելի եւ վտանգավոր է Մոսկվայի համար»։ 
Իսկ Հարավային Կովկասում թուրքական հավակնությունների մոսկովյան արձագանքի մասին այս փուլում դժվար է խոսել։ Մինչեւ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ գլոբալ հարցը չլուծի, Հարավային Կովկասը նրա համար երկրորդական է լինելու։ Բացի այս, ինչպես նկատում է մեր զրուցակիցը, Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից դեռ ամբողջությամբ չի վերացել՝ ՌԴ-ն Թուրքիայի միջոցով է գազ վաճառում ԵՄ-ին, որը դեռ որոշակի ժամանակահատված, հաստատ, ուղիղ գործարքի չի գնա Մոսկվայի հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image