Նիկոլ Փաշինյանը` կնոջ հետ մեկնել է ԱՄՆ` ՄԱԿ-ի վեհաժողովի հերթական նստաշրջանին մասնակցելու: Բուն գագաթնաժողովում նա ելույթ չի ունեցել, բայց խոսել է Ապագայի գագաթնաժողով կոչվող միջոցառմանը:
«Բոլոր այն պրոբլեմները, որ այսօր մենք ունենք, ուղիղ կամ անուղղակի ձևով կապված են անցյալում մի ինչ–որ պահի կայացված և կամ չկայացված որոշումների հետ, նույնը կարելի է ասել այսօրվա բոլոր հաջողությունների և ձեռքբերումների մասին։ Ի՞նչպես կառուցել ապագան։ Ասածս տարօրինակ կհնչի, բայց կարևորագույն բանը, որ կարող ենք անել ապագայի համար, պոզիտիվ խոսույթներ ձևավորելն է, և դրանց հիմքերի ստեղծման հնարավորությունների վրա կենտրոնանալը, անկախ նրանից այս պահին դրանք կա՞ն, թե ոչ։ Մենք սովորաբար գալիս ենք ՄԱԿ ազդարարելու, թե ինչքան վատ է լինելու, որովհետև դրա մասին վկայող փաստերը շատ են ու ամենուր,և դրանք տեսնելու համար ջանք առանձնակի պետք չէ գործադրել։ Ջանք է պետք գործադրել լավ ապագայի նախադրյալները տեսնելու և դրանք մտածելու համար, որովհետև այն ինչ տեղի է ունենում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքերում։ Մեր կուսակցությունը «Ապագա կա» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկար։
Ուզում եմ Ապագայի գագաթաժողովում հնչեցնել այդ համոզմունքը, «Ապագա կա», ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը։ Իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ», - ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի Ապագայի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նաեւ հայտարարել է, որ չի պատրաստվում հարևան պետություններից բողոքել:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Նելլա Գրիգորյանի և Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ: Մեր զրուցակիցներն հարցրինք` կա՞ ապագա, ինչպես պնդում է Փաշինյանը:
Նելլա Գրիգորյան
«Մեզ համար, առհասարակ Արցախի ժողովրդի համար, այլևս չկա ոչ մի ապագա: Ինչպե՞ս կարող ենք մենք ապագա ունենալ ու ընդհանրապես հայ ժողովուրդն ինչպե՞ս կարող է ունենալ ապագա: Ապագան լինում է այն պետությունների համար, որոնք ունեն ուժեղ բանակ, հարուստ տնտեսություն, հենարան` ինչպես Արցախն էր: Հիմա նշածներիցս և ոչ մեկը չկա: Ո՞նց կարող է լինել ապագա, ո՞ւմ համար: Ապագայի մասին խոսողը հավանաբար իր և իր թիմի ապագայի մասին է խոսել, բայց ոչ հայ ժողովորդի` ներառյալ արցախցիների: Նաև ակնարկում է, որ Ադրբեջանից ոչինչ չունի պահանջելու, ասում է, որ հարևան պետություն է, էլ ի՞նչ ասես այս մարդուն: Բառեր չեմ գտնում ուղղակի: Մի երկիր, որը կոտորել է հայ ժողովրդին, ցեղասպանել ու տանջել, այսօր առոք-փառոք ապրում է: Մեզ վտարել են մեր տներից, բայց իշխանությունը չունի պահանջ: Առհասարակ Ադրբեջանին հարևան պետություն ասելուց առաջ պետք է ինքնասիրություն կոչվածի մասին հիշել: Ադրբեջանը թշնամին է մեր: Բառեր չկան պարզապես: Իլհամ Ալիևի հոխորտանքները լսեք, օրական զինվում ու զինվում է, ինչի՞ համար, ո՞ւմ դեմ է պատրաստվում կռվել: Ես շատ կուզեմ մի օր իմ տուն` Արցախ վերադառնամ, այ գուցե այդ ժամանակ լինի ապագա, բայց, ցավոք, այսօր ես չեմ տեսնում վերադարձի օրակարգ: Ընդհանրապես Արցախի մասին չեն խոսում, երևի վախենում են, ոչ մի միջազգային հարթակում չի քննարկվում մեր ինքնորոշման հարցը, մեր իրավունքների և անվտանգության մասին չեն խոսում, ուստի ես չեմ էլ հավատում, որ առաջիկայում կարող է լինել վերադարձի հարց: Գնացել հասել էր ՄԱԿ, գոնե գերիների մասին խոսեր, ոչ գերիների մասին մի բառ ասաց, որ արցախցիների, ոչ էլ Ադրբեջանի վայրագությունների: Արցախցիները խոշտանգվել ու ցեղասպանվել են: Այս գլխավոր պատուհասն ամեն օր անամոթաբար միայն հեծանիվ է քշում, էլ սրանց ի՞նչ ասես, սրանից ի՞նչ սպասես: Արցախի անկախության օրն էր, ոչ մի բառ չասաց, ամսի 19-ին Արցախի բռնի տեղահանության մեկ տարին էր, կրկին ոչ մի բառ, այն դեպքում, երբ Կառավարության նիստ էր, կարող էր, չէ՞, գոնե մեկ նախադասություն ասել: Սրանց ուզածը` Ալիևի հետ միասին մեզ կործանելն էր, ստացվեց իրենց մոտ, մեր կյանքը վերածվեց դժոխքի, հայրենիքը, գերեզմանները, ամեն բան տվեց: Հայրենիքն այս իշխանությունների համար ոչինչ է»:
Արծվիկ Սարգսյան
«Եթե ամեն ինչ գնում է այսպես, էլ որտեղի՞ց ապագա: Մարդիկ անտուն, սոված, էլ ի՞նչ ապագայի մասին կարող է խոսք լինել: Հայաստանում էլ անգամ չկա ապագա արդեն: Հայաստանի դարպասը Արցախն էր, քանի որ չկա այն, բնականաբար այսօր էլ Հայաստանից պիտի տարածքներ տա Ադրբեջանին: Այն ժամանակ, որ ասում էին «մեր զինվորները գնում էին Ղարաբաղի համար կոտորվում էին», չէին մտածում, որ դա ի վերջո արվում էր Հայաստանի Հանրապետության համար: Հիմա էլ պարզ է, որ ամեն ինչ հանձնելու են, Ալիևն ատամները սրած` ինչ ուզում, անում է, ո՞վ է նրա ձեռքից բռնողը: Անգամ չհիշեց Արցախի անկման օրը, վախեցան Ալիևից: Կարգադրողը Ալիևն է, կարող է բարկանար, դրա համար էլ ոչ մի խոսք չասացին: Եթե մի օր հնարավորություն լինի վերադարձի, օր առաջ կվերադառանանք Արցախ, բայց ոչ Ադրբեջանի կազմ: Ամեն գիշեր երազիս մեջ Արցախն եմ տեսնում, իմ տունը, իմ ջուրը, անգամ շրջափակման ժամանակ ավելի հանգիստ ենք եղել: Գոնե այն ժամանակ մեր հողի մեջ էինք, մեր ծննդավայրում»: