Քաղաքականություն

«Հրապարակ». Աթոռը գրկելու ժամանակը

«Հրապարակ». Աթոռը գրկելու ժամանակը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ աթոռը գրկած նկարը փոփոխվող աշխարհի ու  իրենց սպառած ուժերի հեռացումը խորհրդանշող լուսանկարներից լավագույնն է: Թրյուդոն հեռացավ՝ Համայնքների պալատից իր հետ տանելով աթոռը:

Բայդեն, Շոլց, Թրյուդո, շուտով` Մակրոն… Այս բոլոր առաջնորդների ժամանակն այլեւս ավարտված է: Այս շարքում, իհարկե, սեփական երկրների համար կործանարար արդյունքով իրենց քաղաքական կենսունակությունն ավելի վաղուց են սպառել Զելենսկին ու Փաշինյանը, որոնք դեռ կառչած են աթոռից, բայց որոնք, փաստացի, առանց «ընկերների», իսկ որ ավելի իրատեսական է՝ տերերի են մնացել: Ակնհայտ է, որ տրանսֆորմացիաների այս փուլում ժամանակն այս գործիչների օգտին չէ, ու համաշխարհային առաջնորդների հեռացումն ասպարեզից նախեւառաջ այս երկրների հասարակությունների համար է կարմիր լույս՝ բռնելու փոփոխությունների ալիքն ու այդ հոսանքին հակառակ չընթանալու համար:

«Նախ, նրանք այս ազգակործան պատուհասի ընկերները չեն, այդ համայնքում՝ նեոլիբերալ, ընկերներ չեն լինում, այնտեղ շահերի համընկնում ու պատվիրատուների նմանատիպ պատվերներն են գուցե տպավորություն ստեղծում, որ նրանք ընկերներ են, իսկ իրականում Հայաստանի ղեկավար կոչվածը, թերեւս, աշխարհում ոչ մի տեղ ընկեր չունի։ Եվ երկրորդ․ այո, Ձեր նշած գործիչները եւ ոչ միայն նրանք, հերթով հեռանում են եւ հեռանալու են, ու դա ազդակ է ե՛ւ Հայաստանի՝ առայժմ գործող իշխանություններին, ե՛ւ տարածաշրջանի նման ուժերին, որ իրենց հեռանալու ժամանակը սրընթաց մոտենում է: Թերեւս նրանք փորձեն նոր տերեր գտնել, բայց աշխարհում արժեհամակարգային, քաղաքակրթական ու շահերի փոփոխություններ են, եւ այս պայմաններում, հաշվի առնելով նրանց մտավոր կարողությունները, դժվար թե կարողանան այդքան արագ կողմնորոշվել, ուղղակի պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ իրենց ժամանակը սպառված է»,- «Հրապարակ»-ին ասում է պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը՝ անդրադառնալով գլոբալ մակարդակում ընթացող քաղաքական փոփոխություններին ու դրանց ազդեցությանը հայաստանյան իրականության ու Փաշինյանի իշխանության հեռանկարի վրա:

Գործող իշխանությունների՝ վերջին շաբաթների ցայտնոտային քայլերն ու հայտարարությունները մեր զրուցակիցը հենց այս իրողություններով է պայմանավորում: Նպատակն ամեն գնով սեփական իշխանության երկարաձգումն է: «Իրենց ժամանակը սպառվել է, շատ շուտով, հուսով եմ, հայաստանյան պեյզաժում ականատես կլինենք նմանատիպ մի լուսանկարի, ինչպիսին Կանադայի վարչապետի լուսանկարն է»,- նկատում է Բշտիկյանը, որը նոր է վերադարձել Ֆրանսիայից ու, ինչպես ասում են, առաջին ձեռքից է փոխանցում տրամադրությունները, որոնք այս օրերին տիրում են եվրոպական հանրության շրջանում: Նա ասում է՝ հատկապես Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո ամբողջ եվրոպական հասարակությունն իրար էր խառնվել: «Նրանք ուկրաինացի ժողովրդին ուղարկել էին մահվան եւ կորցնում են ֆինանսավորման հիմնական աղբյուրը՝ ԱՄՆ-ն, ինչը եվրոպական համայնքում ցայտնոտ էր առաջացրել:

Միաժամանակ խոսում էին այն մասին, թե անպայման պետք է շարունակել աջակցությունն Ուկրաինային, բայց ավելի սթափ քաղաքական գործիչներն ու փորձագետները միաբերան կրկնում էին՝ Եվրոպան, էլ չեմ ասում՝ Ֆրանսիան, միայնակ չունեն հնարավորություններ՝ օգնելու Ուկրաինային ո՛չ ֆինանսական, ո՛չ ռազմական, ո՛չ լոգիստիկ եւ ո՛չ էլ բարոյական: Նրանց հայտարարությունները՝ ի աջակցություն Ուկրաինայի, ընդամենը թղթի կտորներ են, որոնք ռեալ որեւէ գործիք չունեն իրական աջակցության, եթե դրան չի մասնակցում ԱՄՆ-ն, որը հայտարարել է այդ աջակցության դադարեցման մասին»,- ասում է Բշտիկյանը՝ ծիծաղելի թիվ համարելով Փարիզի հայտարարությունը, թե 190 միլիոն եվրոյի աջակցություն է ցուցաբերելու Ուկրաինային: Սա, ըստ մեր զրուցակցի, իրավիճակի ռեալ ցուցիչն է՝ Մակրոնի հնարավորությունն այդքան է, նա իր ուղերձում հայտարարում է, թե համաեվրոպական անվտանգային համակարգի ձեւավորման համար կպահանջվի 10 տարի, մինչդեռ, ինչպես շեշտում է Արտակ Բշտիկյանը, ուկրաինացիներն այսօր են զոհվում ու 10 տարի սպասել չեն կարող:

«Արեւմտաեվրոպական բոլոր երկրներում այդ՝ ոչ մի կոնկրետ բան չնշանակող, ըստ հարմարության փոփոխվող կամ ըստ գումարի չափի անտեսվող կամ առաջ մղվող կեղծ արժեքների, կեղծ ժողովրդավարության, կեղծ ազատականության, կեղծ մարդու իրավունքների այդ փուչիկը հերթով պայթում է, սրան գումարած՝ ավելանում են ֆինանսական խնդիրները: Մենք մոտակա ամիսներին ականատես կլինենք, թե ինչպիսի հետեւանքներ է ունենալու ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերի չեղարկումը եվրոպական ու արեւելաեվրոպական երկրների վրա, ինչպես նաեւ՝ այն բոլոր երկրներում, որտեղ դրանք իրականացվել են»,- շարունակում է Բշտիկյանը: Մեր զրուցակիցը հիշեցնում է եվրոպական տարբեր երկրներում վերջին ընտրությունների արդյունքները, որտեղ մեկը մյուսի հետեւից լիբերալ ուժերը պարտություն են կրում: Նա շեշտում է՝  հատկապես կարեւոր է ընտրությունների միջոցով այդ ուժերի հեռացման փաստը, ինչը վկայում է, որ արեւմտաեվրոպական ժողովուրդները գիտակցել են այդ ճանապարհի կործանարար լինելը, ու սրանով է պայմանավորված ազգային ուժերի հաղթարշավն այդ երկրներում:

«Չնայած նրան, որ լիբերալ ու նեոլիբերալ ուժերն ամեն կերպ փորձում են այդ ուժերին բնորոշել որպես ռասիստական, ազգայնական, բայց նրանք հայրենասեր, պահպանողական, ազգային ինքնագիտակցություն ունեցող ուժեր են, եւ մենք ականատես ենք այդ ալիքին՝ սկանդինավյան երկրներից, որոնք իբրեւ թե արեւմտաեվրոպական ժողովրդավարության փարոսն էին, մինչեւ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Բելգիայում նույն տենդենցն է, եվրոպական պառլամենտում երբեք աջակողմյան պահպանողական ուժերի այդքան մեծ ներկայացվածություն չի եղել: Այս ամենը վկայում է, որ աշխարհը թեւակոխում է մի նոր փուլ, որն իր հետ կբերի նաեւ արժեհամակարգային փոփոխություններ, երբ երկրները կգիտակցեն իրենց ազգային, պետական շահերը»,- բացատրում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ 1960-ականներից սկիզբ առած նեոլիբերալ ու լիբերալ շարժումները, որոնք Արեւմուտքի տարբեր երկրներում խորքային պետության տարբեր պատվիրատուների միջոցով տարբեր դրսեւորումներ են ունեցել եւ իրենց տարածման ժամանակահատվածում փորձել են քանդել ազգային ինքնության ու մարդու բնական վիճակի հետ կապված նորմերն ու կոդերը, այլեւս ավարտին են մոտենում, ինչին հատկապես ակնառու ու մեծ թափով ականատես եղանք ԱՄՆ-ում՝ Թրամփի իշխանության գալով, որն ազդարարեց wokeism-ի պարտությունը (ամերիկյան քաղաքական տերմին, որը ցույց է տալիս ռասայական եւ գենդերային, սոցիալական հարցերի նկատմամբ կենտրոնացվածությունը՝ խմբ․):

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image