Քաղաքականություն

Հեռուստամարաթոնից 1 շաբաթ առաջ քննարկել են՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ

Հեռուստամարաթոնից 1 շաբաթ առաջ քննարկել են՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնից 1 շաբաթ առաջ Մոսկվայում մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել խիստ լայն ներկայացուցչական կազմով հավաք-քննարկում․ ՀԿ-ներ, մարդիկ Երեւանից եւ, իհարկե, հայազգի գործարարներ, որոնք հավաքվել էին, ըստ էության, քննարկելու՝ պե՞տք է մասնակցեն դրամահավաքին, թե՞ ոչ։

Հավաքին, բնականաբար, ներկա են եղել հայտնի հայ գործարարներ։ Նրանց անունները հավաքին մասնակցած Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը չի տալիս։ Միայն ասում է՝ համարյա թե բոլորին Դուք ճանաչում եք։

Իսկ ավելի կոնկրետ՝ եղել են բոլոր այն մարդիկ, որոնք նախկին տարիներին մասնակցել են դրամահավաքներին, գումարած, ինչպես Կարախանյանը ձեւակերպեց, հեղափոխությունից հետո ՌԴ հայության կյանքում առավել ակտիվ հասարակական-քաղաքական դերակատարության ձգտող անհատները։

«Միանգամից ասեմ՝ բոլորի մոտ շատ սառը վերաբերմունք էր, եւ այդ քննարկումներում բավականին անկեղծ զրույց ծավալվեց, թե ինչու կա նման վերաբերմունք, եւ ընդհանուր կարծիքն այն էր, որ էսօրվա դրությամբ ձեռնպահ կմնանք մեծ գումարներ փոխանցելուց, հլը որ նպատակային, հասցեական օգնություններ կուղարկենք, մինչեւ որ մասնակիցների կողմից արձանագրված խնդիրները լուծվեն»,- փոխանցեց Սմբատ Կարախանյանը։

Հիշեցնենք, որ չնայած հեղափոխությունից հետո սփյուռքի ու նոր իշխանությունների բոլոր լավատեսական սպասումներին (Նիկոլ Փաշինյանն անգամ հեռուստամարաթոնին հատուկ խորհուրդ փոխանցելու համար արտասանեց Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը), այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին հանգանակվեց 11 մլն 109 հազար 633 դոլար։ Մարաթոնի 21 տարվա պատմության մեջ սփյուռքի մեր հայրենակիցները 2013, 2012, 2010 եւ 2008 թվականներին, համապատասխանաբար, տվել էին 22․5, 21․5, 20․9 եւ 35 միլիոն դոլարի նվիրաբերությունների խոստումներ։

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանն արդեն իսկ կայքերից մեկում տված հարցազրույցում դրամահավաքի ոչ այնքան փայլուն արդյունքը մեկնաբանել է նրանով, որ Ռուսաստանը չի մասնակցել։ Իսկ Ռուսաստանը չի մասնակցել, քանի որ, նրա մեկնաբանությամբ, ռուսական իշխանություններն են արգելել հայ գործարարներին նման շարժումներ անել։ Սմբատ Կարախանյանի խոսքով՝ հանգանակությունների նվազման պատճառը Ռուսաստանի ղեկավարությունը չէ։ Կարծում է, որ այնտեղ նման հարցերին իշխանությունն առհասարակ չի խառնվում։

«Հարցը սենց է դրվում՝ ուզո՞ւմ եք՝ արեք, ինչ ուզում եք, արեք, ուզում եք՝ ներդրումներ, ոչ առանձին, ներքին հորիզոնական կապերի մեջ ՌԴ իշխանություններն այս հարցով չեն մտնում գործարարների հետ։ Իհարկե, կան բիզնեսմեններ, որոնք մտածում են, որ եթե հանկարծ մի հատ քայլ անեն, կարող է իրենց վատ աչքով նայեն, բայց դրանք էդ մակարդակի բիզնեսմենները չեն ու այդ կապը չունեն ՌԴ իշխանությունների հետ, որ իրոք տեղեկացված լինեն, թե իշխանություններն ինչին են նայում… բայց պրոբլեմը սա չէ»։

Սմբատ Կարախանյանի խոսքով՝ ներկաների մեծամասնության կարծիքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այլեւս այս կառուցվածքով, այս ձեւով սպառել է իրեն։

«Որ էս դրամահավաք-տելեթոն եւ այլն, էս իրավիճակներում խնդիրներին չի համապատասխանում, պետք է վերակառուցվի, փոխվի, պետք է ներգրավվի սփյուռքը, որովհետեւ անունը համահայկական հիմնադրամ է, հասկանալի է, որ այդ գումարները պետք է լինեն, պետք է գնան Արցախի ճանապարհների, դպրոցների կառուցմանն ու վերակառուցմանը, խնդիրների լուծմանը, բայց էս ձեւով այլեւս հնարավոր չէ։

Այսինքն՝ մոտեցումը, որ մի հատ նայենք՝ աշխարհի որ ծայրամասում որտե՞ղ մի հատ հայ կա, գնանք էս հայից փող վերցնենք։ Այսինքն՝ էս կազմակերպությունը պետք է վերակառուցվի, ունենա հստակ ռազմավարություն, հստակ մոնիտորինգ, թափանցիկ ծրագրային ներկայացումներ»,- հավաքի մասնակիցների տրամադրությունները բարձրաձայնեց Սմբատ Կարախանյանը։

Նա նշեց, որ նախկին ղեկավար Արա Վարդանյանի՝ ֆուտբոլային խաղերին հիմնադրամի գումարներից արած խաղադրույքների մասով, որքան էլ նա հեռացվել է, նստվածքը, ինչպես ասում են, մնացել է։

Ամեն դեպքում, մոսկովյան քննարկման մասնակիցներից մի քանիսը նշել են, որ արդեն իսկ հավաքում են փող, հագուստ, որոնք իրենք անվանական, օրինակ՝ այսինչ շրջանի այսինչ գյուղի այսինչ ընտանիքին են պատրաստվում ուղարկել։ Ինչ վերաբերում է, թե ինչու էին առաջ առատաձեռն, ապա Կարախանյանն ասում է, որ այստեղ նաեւ շատ PR կար ու ՀՀ առաջին դեմքերից տրված խոստումներ, շահեր, հետաքրքրություններ։ «Օրինակ, որ իրենք ասում էին՝ էս գումարները փոխանցեք, որովհետեւ դուք ստեղ էսինչ-էսինչ բիզնեսներն ունեք, արե՛ք, դրանք պաշտպանված են։ Հիմա իրավիճակ է փոխվել, ու այս ձեւով այս մոդելն այլեւս չի աշխատում, այս ոճով աշխատող գործարարների հետաքրքրությունները կորել են, իսկ նոր մոդելն էլ դեռ չկա»։

Լրահոս

Ամենաընթերցված

Իմացա՞ր, պարոն վարչապետ

Իմացա՞ր, պարոն վարչապետ

«Պետք է իմանալ՝ կարկուտներն ինչի հետևանք են»,- Գեղարքունիքում հայտարարել էր լիգիտիմությունը կորցրած...

×
Gallery Image