Գյումրվա գործընթացներից ձեզ իրանական «շերբեթով» շեղեմ։ Ինչպես հայտնի է Իսրայելը և ԱՄՆ- ն բավական երկար ժամանակ ռազմական սպառնալիքներ են հնչեցնում Իրանի հասցեին, պահանջելով վերջինից ընդունել Իսրայելա-ամերիկյան վերջնագիրը, համաձայն որի իրանցիները պետք է հրաժարվեն իրենց միջուկային ծրագրից։
Զուգահեռաբար ամերիկացիները կուտակում են ահռելի ռազմական ներուժ Մերձավոր Արևելքում Իրանին հարվածելու սպառնալիքների ներքո։
Ինձ մոտ հստակ տպավորություն է, որ իրանական միջուկային ծրագիրը ընդամենը հարմար պատրվակ է ամերիկացիների և իսրայելցիների համար իրանական ուղղությամբ լրջագույն գործողություններ սկսելու համար։
Ես իրանագետ չեմ և չեմ կարող խորքային վերլուծություն անել ներիրանական քաղաքական անցուդարձի շուրջ։
Սակայն ես ինձ մի հարց եմ տալիս։ Ենթադրենք, որ արդեն կա որոշում իսրայելա-ամերիկյան ուժերի կողմից հարվածել Իրանին։
Որտե՞ղ է գտնվում Իրանի ամենակարևոր ռազմավարական լոկացիաներից մեկը:
Իհարկե, Հայաստանը քանզի դա միակ սահմանն է, որը չի վերահսկվում ամերիկացիների կողմից։
Իսկ ո՞վ է Իսրայելի ռազմավարական գործընկերը մեր տարածաշրջանում: Իհարկե Ադրբեջանը։
Սատարելո՞ւ է Ադրբեջանը Իսրայելին: Իհարկե, սատարելու է։
Ինչպե՞ս է սատարելու: Նվազագույնը ռազմական գործողություններ հրահրելով Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով։
Այսինքն, եթե Ադրբեջանը հարվածի Հայաստանի հարավային շրջաններին, ապա նա` չհատելով Իրանի սահմանը, այնուամենայնիվ, լրջագույն հարված կտա իրանական պաշտպանական ճարտարապետությանը, զուգահեռաբար լուծելով իր համար, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։
Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ ԱՄՆ -ի, Իսրայելի և Ադրբեջանի շահերը և ռազմավարական տեսլականը համընկնում են իրար։
Ի՞նչ պետք է անել: Ամենակարևորը` դադարել հավատալ և ապավինել փաշինյանական շինծու, սուտ, իբր դեպի խաղաղություն տանող քաղաքականությանը և շտապ գեներացնել հայ-իրանական ուղիղ բանակցային գործընթաց` ադրբեջանական վտանգը չեզոքացնելու համար։
Կանի՞ դա արդյոք ներկայիս հայաստանյան իշխանությունը, որ կանխի Հայաստանի համար խիստ վտանգավոր զարգացումները։
Իհարկե, ոչ։
Հետևությունները թողնում եմ ձեզ։
Արման Աբովյան
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն համահիմնադիր